Կառավարությունը կսահմանի «Վետերան» օթևանում կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը

Այսօր՝ ապրիլի 11-ին, կառավարությունը հերթական նիստին որոշում կընդունի կառավարության որոշումներից մեկում փոփոխություն կատարել, ըստ որի կսահմանվի «Վետերան» օթևանում կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը: Որոշման ընդունման դեպքում միաժամանակ կլուծվի անօթևան նվազագույնը 10 անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ  հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց բնակության համար նախատեսված «Վետերան» օթևանում, ավելի քան 2 տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով:

«Վետերան» օթևանը ստեղծվել է 1982 թվականին Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների համար, իսկ 1988 թվականից, իրավիճակից ելնելով, այնտեղ կացարան է տրամադրվել նաև երկրաշարժի գոտու բնակիչներին, 1991 թվականից՝ նաև փախստականներին: Բնակիչներին կացարանը հատկացվում է անհատույց, առանց սեփականության իրավունքի պայմանագրային հիմունքներով և նրանք պարտավորվում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները:

2000 թվականից   «Վետերան» օթևանը ընդգրկվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ 2015 թվականին վերանայվեց կացարան ընդունվելու կարգը:

Այսպես՝ ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  N 1069-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 5 հավելվածով հաստատված՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգի 4-րդ կետի համաձայն՝ կացարան  տրամադրվում է ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող, ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող՝

  1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին.
  2. գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության և (կամ) նախկին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատվավոր կոչում ունեցող` 65 տարին լրացած անձանց:

Գործող կարգի համաձայն, հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց բնակության համար նախատեսված կացարանը (այսուհետ՝ կացարան) տրամադրվում է ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչև 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում:

«Վետերան» օթևանում կացարանով ապահովման  նպատակը  հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է, և ըստ անհրաժեշտության, այդ անձանց սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

«Վետերան» օթևանն ունի 48 սենյակ, որոնցից 5-ը օգտագործվում է որպես աշխատասենյակ, իսկ 43-ը՝ բնակելի են (այդ թվում՝ 29 սենյակ մեկ տեղանոց, 14 սենյակ՝ երկտեղանոց), որտեղ կարող  է բնակվել առավելագույնը 57 մարդ: Այս պահին ազատ է  10 սենյակ, որից 3-ը՝ երկտեղանոց: Երկտեղանոց սենյակները տրամադրվում են ամուսնական զույգերի կամ մոտ հարազատներ (երկու քույր, երկու եղբայր և այլն): «Վետերան» օթևանի ազատ սենյակները ավելի քան երկու տարի է, ինչ չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով:

Սույն որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակն է փոխել կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, դարձնելով առավել իրատեսական, ընդգրկելով այն անձանց, ովքեր իրավամբ կարիք ունեն բնակելի տարածքի և ի վիճակի են ինքնուրույն բնակվել, ունեն ինքնասպասարկման ունակություն և սեփական խնդիրներն ինքնուրույն հոգալու հնարավորություն (հոգալ սննդի, կոմունալ ծառայությունների և այլ ծախսեր):

Մասնավորապես,  առաջարկվում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել.

  • աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամվողներ չունեցող տարեց անձանց,
  • «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել