Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, դատական նիստերի հետաձգումների պատճառներն օբյեկտիվ են. նիստին չներկայանալու իր պատճառները նույնպես:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Անի Թորոսյանը նշում է, որ կա վկա, որը պետք է հարցաքննվի, սակայն արդեն երրորդ դատական նիստին չի կարողանում ներկայանալ, քանի որ ծառայության մեջ է գտնվում:
Ըստ փաստաբանի, դատական գործընթացը տվյալ վկայի հարցաքննությունից հետո միայն կարող են շարունակել:
«Դատարանը բավականին մանրամասն գործի քննությունն իրականացնում է, իրենից հասանելիք բոլոր գործողություններն անում է, որ դատական նիստերը հնարավորինս կայանան, եթե չեն կայանում, ուրեմն կարող են լինել տեխնիկական պատճառներ»,-նշեց Անի Թորոսյանը:
Նա նաև նշում է, որ ինքն իր հերթին աշխատում է միշտ ներկայանալ դատական նիստերին, իսկ եթե չի ներկայանում, ապա միայն հարգելի պատճառի և նախօրոք զգուշացման դեպքում:
Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա
Լիլիթ Խանոյան