ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքում զենքի գործադրմամբ ավազակության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երկու բնակչի, որոնցից մեկը՝ անչափահաս:
Ինչպես արդեն հայտնել ենք, 2019թ. մարտի 21-ին երկու դիմակավորված անձ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, զինված որսորդական հրացանով և ատրճանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերև՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետև դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են՝ ծնված 1998 և 2001թթ.:
Իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել են Արմավիրի մարզի նշված բնակիչների կողմից կատարված գողության, գողության կազմակերպման և գողության փորձի, ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մի շարք դեպքեր ևս, որոնց առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են վերը նշված քրեական գործին և նախաքննությունն իրականացվում է մեկ վարույթում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 21-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Արմավիրի մարզի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: