Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կատարել միջծրագրային վերաբաշխում վարկային ծրագրերի միջև: «Մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 38 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն ավարտվել է 2018 թ. դեկտեմբերին՝ նախանշվածից շուտ, հետևաբար 2019 թ.-ին պլանավորված գումարների անհրաժեշտություն չկա՝ շուրջ 76 մլն դրամի չափով: Ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող նույն ճանապարհահատվածի մնացած 51 կմ երկարությամբ հատվածի համար լրացուցիչ հողերի օտարման անհրաժեշտություն է առաջացել՝ ընդհանուր 12,7 մլն դրամի չափով: Նշված վերաբաշխումներն իրականացվելու են այս ծրագրերի համապատասխան հոդվածների միջև և պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջանում»,- ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհների խնդիրներին և նշել. «Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհ: Բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք: Այդ անորակ աշխատանքներ իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ, այս նոր պայմաններում իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա»:

Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհատվածին։ «Այդ աշխատանքի ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց մենք չենք ընդունել այդ աշխատանքները՝ դրանց բացարձակ անորակ լինելու պատճառով և հիմա նախարարությունը պարտավորեցրել է աշխատանքը սկսել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ մարդիկ պետք է նաև պատժվեն. «Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չէ, որ նրանք նորից այդ նույն աշխատանքը կատարեն, նրանք պետք է զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ անորակ շինարարության պատճառով պետությունը շատ լուրջ ֆինանսական վնասներ է կրել: «Այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն քրեական պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Այս երևույթները մեզ համար անհանդուրժելի են: Ճանապարհաշինությունը երկար ժամանակ եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք», – ընդգծել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել