Արդարադատության նախարարությունն առաջարկում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը:

«Ազդարարման համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի էությունից բխում է, որ ստեղծման ենթակա ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:

Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշմամբ հաստատվել է հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը:

Հիմք ընդունելով Օրենքի և Որոշման պահանջները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս 2018 թվականից սկսել է հարթակի ստեղծման աշխատանքները: Այնուամենայնիվ, հարթակի ստեղծման աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ Որոշման մեջ անհրաժեշտ է կատարել խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնք կօգնեն ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը դարձնել ավելի ճկուն, գործուն և օգտագործման համար ավելի մատչելի:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներում ընդգրկված ծրագրավորողների առաջարկությունները՝ «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 439-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը:

Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ Նախագծով Որոշման N 1 հավելվածի առաջարկվող նոր խմբագրությունը չի հանգեցնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի էության և բովանդակության փոփոխությանը: 

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիությունը:

Հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը չի հանգեցնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի էության և բովանդակության փոփոխությանը, այլ կօգնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը դարձնել ավելի ճկուն, գործուն և օգտագործման համար ավելի մատչելի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել