Այսօր՝ մարտի 29-ին, ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանի, ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հանդիպումը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:
«Կառուցող երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը, ինչպեսև շնորհակալություն հայտնեց հանդիպման և համագործակցության համար:
«Մեր համագործակցությունը ֆինանսների նախարարության հետ տարիների պատմություն ունի և ձևաչափը կառուցողական երկխոսությունն է: Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել «Պետական գնումների մասին» օրենքով ամրագրված՝ ձեռքբերվող ապրանքների, ծառայությունների աշխատանքների նկատմամբ էներգոարդյունավետության պահանջների կիրառման խնդիրները»,-ասաց Կարեն Զադոյանը:
Նա նշեց, որ ցանկալի է արկղից դուրս նայել խնդիրներին մի ոլորտի ունեցած կարգավորումները շղթայական ձևով բերելու է մյուս ոլորտներում նույնաբովանդակ խնդիրների կարգավորումներին: Կարեն Զադոյանի խոսքով, ծրագիրն իրականացողների կողմից լուրջ փորձագիտական աշխատանք է կատարվել և այժմ ցանկալի է դրա գնահատականը ստանալ պետական կառույցներից:
Փոխնախարարը ևս ողջունեց համագործակցության նախաձեռնությունը, նշելով, որ պետական գնումների կառավարման ոլորտում վերանայումների գործընթաց է նախաձեռնված, որը միտված է բարձրացնել հանրային ռեսուրսների կառվարման նպատակայնությունը:
«Մենք պետական գնումների մասով նախաձեռնել ենք լայնամասշտաբ քննարկում, թե՛ մեր գործընկեր պետական մարմինների հետ, թե՛գործընկեր դոնորների հետ, որտեղ ավելի շատ դիտարկվում է մեր համակարգերի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին, և այստեղ շատ կարևոր է հասարակական հատվածի ակտիվ ներգրավվածությունը:
Մենք պատրաստ ենք անընդմեջ ու անընդհատ գործնական քննարկման »,-նշեց Կարեն Բրուտյանը:
Նա առաջարկեց ևս մեկ անգամ առարկայացնել, թե կոնկրետ ինչ խնդիր պետք է լուծվի, ինչ պետք արվի դրա լուծման համար, ովքեր կլինեն դերակատարները և ինչ ճանապարհային քարտեզ պետք է կազմվի դրա իրականացման համար:
«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ տնօրեն, Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի հիմնադիր անդամ Աստղինե Պասոյանը նշեց, որ նախարարության հետ երկխոսության սկիզբը հանրային գնումներում էներգաարդյունավետ ապրանքների և ծառայությունների հետ կապված գնումների վերաբերյալ է եղել:
«Բազմաթիվ հետազոտություններ ենք արել: Հայաստանում բոլոր շենքերը սպառում են էներգիայի 40 տոկոսը, հանրային շենքերը՝ 10 տոկոսը և սրա կեսը կարելի է չսպառել»,-նշեց նա:
Համագործակցության համաձայնություն ձեռք բերվեց նաև ԿԵՀ ծրագրի շրջանակում «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստեղծված Հայկական բիզնես կոալիցիայի և ֆինանսների նախարարության միջև:
Կարեն Բրուտյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է քննարկել բիզնես ներկայացուցիչների համար առաջացած խոչընդոտների վերացման, ինչպեսև օրենսդրական ակտերում փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները:
«Մենք ցանկանում ենք նաև գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ անել՝ հասարակական հսկողության ինստիտուտներ ներդնելով, օրինակ, բնութագրերի խտրական լինելու երևույթի հետ կապված: Ուզում ենք այս գործընթացում ներգրավենք հենց բուն շահառուներին, որ իրենք մասնագիտական քննության արդյունքում եզրահանգման գան, որ այս կամ այն բնութագիրը ցուցադրական է, թե բխում է պատվիրատուի կարիքից»,-նշեց նա:
Կարեն Զադոյանը նշեց Bizprotect.am կայքի մասին, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիներին բացահայտ կամ անանուն կերպով ազդարարել տարբեր խնդիրների մասին, որոնք կապված են պետական կառույցների հետ: Նրա խոսքով, գնումների տեխնիկական բնութագրերի մասին ազդարարումներ շատ են եղել, և դրանց հավաքագրման արդյունքում էլ մի շարք խնդիրներ են վեր հանվել:
ՔՀԿ և նախարարության ներկայացուցիչները պայմանավորվեցին վերոնշյալ հարթակից ստացված ահազանգերը որպես քննարկման թեմա ևս ներգրավել առաջիկա քննարկումների ժամանակ:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: