Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղյակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում: Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը՝ փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից: Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը: Խնդրում ենք գիտակցել, որ երթևեկության կանոնները խախտելով նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը՝ չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթևեկության խաթարման մասին:
Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է և պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաև իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթևեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով:
Զանցանքի ու զանցառուի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են ու կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով:
Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներն են սպասում:
Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը:
Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթ հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու և տարրական օրինապահության մեր հորդորը մնա անարձագանք:
Տեսանյութը` police.am-ի https://www.police.am/
Աղբյուրը` Իրավաբան.net