Մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։
2018թ. Հայաստանը դարձավ հանձնաժողովի անդամ՝ վերահաստատելով կանանց հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների և դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և հանձնաժողովի ամենամյա աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։