Կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի աջ ղեկերի հետ կապված կառավարության որոշումը:
Ազգային Ժողովի 2019 թվականի մարտի 13-ին և 14-ին արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռնվեց մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Վերը նշված տրանսպորտային միջոցները ՀՀ տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և շահագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:
Նախագծերի ընդունման դեպքում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում: