Կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը և ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր և գումար, որից հետո վերջինիս քարշ է տվել ննջասենյակ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ որպես զենք հանդիսացող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հարձակում է գործել տանտիրուհու և վերջինիս մտերմուհու վրա, ով այդ պահին գտնվել է նույն բնակարանում: Այնուհետև թափանցիկ կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը և ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր և գումար, որից հետո վերջինիս քարշ է տվել ննջասենյակ և այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակելով ոսկյա և արծաթյա զարդեր՝ դիմել է փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Տանտիրուհին ճանաչվել է տուժող:

Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել խուզարկություններ:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել նաև տանտիրուհու 36-ամյա մտերմուհու՝ դեպքին հնարավոր առնչություն ունենալու վերաբերյալ:

2019 թվականի մարտի 18-ին 42-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինս ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք: Վերը նշված զինված ավազակային հարձակմանը օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է նաև Չարենցավան քաղաքի 36-ամյա բնակչուհին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել