21-րդ դարում սենց բան հնարավո՞ր է, որ 3 ամիս աշխատավարձ չստանան. Նիկոլ Փաշինյան

Այսօր, մարտի 21-ին կառավարության նիստի ժամանակ նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին. «Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան»:

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ծավալվել է մտքերի փոխանակություն:

«Երեք ամիս է անցել, պետք է ժամանակին այդ որոշումները քննարկել, կայացնել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք անել առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա մեջ և այդպես գնալ առաջ։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ սա ինչ է, ասեն՝ լավ բերեք որոշումը նիստում քննարկեք»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հարցը քննարկել և ողջամիտ ժամկետում որոշում կայացնել: «Ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել