Կառավարությունն այսօր՝ մարտի 21-ին, որոշում կընդունի «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու մասին:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն ֆինանսական մուտքերն ապահովում էր անշարժ գույքի մի մասը վարձակալության տրամադրումից, ինչպես նաև ազգային ֆիլմերը ցուցադրման նպատակով տարբեր հեռուստաընկերություններին տրամադրելուց: 2018թ. սկսած ֆիլմերի ցուցադրումը ընկերությունից փոխանցվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին, որի հետևանքվ կրճատվել են ֆինանսական մուտքերը:
Ընկերությունը 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն. եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն. եվրոն անբաժանելի բարելավումներ:
ՀՀ կառավարության 21.04.2005թ. թիվ 727-Ա որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը /շենքեր, շինություններ և կինոբեմադրական միջոցներ/ օտարվել են մրցույթով «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ին՝ 350 մլն. դրամ արժեքով և 14.09.2005թ. կնքվել է թիվ 321-Օ պայմանագիրը: Հետագայում ՀՀ կառավարության 31.08.2015թ. թիվ 1050-Ա որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, կնքվել է բաժնետոմսերի փոխանցման համաձայնագիր:
Արդյունքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին են փոխանցվել
–ք. Երևան, Դավթաշեն համայնք, Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող 22536.6 ք/մ մակերեսով շենք–շինությունները՝ զբաղեցրած հողատարածքը 25.811984 հա:
–ք. Երևան, Դավթաշեն համայնք, Աշտարակի խճուղի 30/1 հասցեում 4.116 հա հողատարածքը:
Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան Աշտարակի խճուղի թիվ 30:
Այս որոշման նպատակն է՝ ընկերության անշարժ գույքի մի մասը վարձակալությամբ տրամադրելու միջոցով նպաստել ընկերության ֆինանսական մուտքերի ավելացմանը և շենքային պայմանների բարելավմանը: