Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է, որ այսօր գրությամբ դիմել է Կոտայքի մարզի դատախազ պարոն Ռաֆայել Խաչատրյանին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները:

«Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Հողային Օրենսգրքի տարբեր հոդվածների պահանջներին:

Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել:

Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից:

Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը:

Համայնքապետարանը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է բացասական տեղեկատվություն:

Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ գործող օրենսդրության համաձայն:

Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր:

Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է․

Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետության, համայնքի կամ հանրության շահերին, օրենքով սահմանված կարգով արժանանալու է սաստող միջոցներով հակազդմանը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել