Ինչ-որ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել իմ անունն ու ՍԴ դատավորի պաշտոնին իմ հավակնությունը քաղաքական նպատակներով. Սահմանադարական դատարանի դատավորի առաջադրման մրցույթի մասնակից

Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, ով այժմ մասնացում է Սահմանադարական դատարանի դատավորի առաջադրման մրցույթին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ,

ինձ տեղեկություններ են հասնում, որ ինչ-որ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել իմ անունն ու ՍԴ դատավորի պաշտոնին իմ հավակնությունը քաղաքական նպատակներով։

Հայտարարում եմ, որ ես որևէ կուսակցության հետ կապ չունեմ, երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ պատրաստվում զբաղվել։ Ես զբաղվում եմ բացառապես գիտությամբ ու իմ ամբողջ կյանքում եղել եմ քաղաքականապես չեզոք, ինչը դատավորի կարևորագույն հատկանիշ է։

Եթե որևէ կուսակցություն իմ թեկնածության մասին դրական կամ բացասական կերպով է արտահայտվում, դա բացառապես այդ կուսակցության դիրքորոշումն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։ Շատ դեպքերում ես ընդհանրապես չեմ էլ իմանում այդ մասին։ Երբեք որևէ կուսակցության հետ չեմ քննարկել իմ թեկնածության հարցը ու չեմ պատրաստվում քննարկել։ Երբեք որևէ կուսակցության չեմ խնդրել աջակցել ինձ ու չեմ պատրաստվում խնդրել։ ՍԴ դատավորի պաշտոնը քաղաքականապես չեզոք պաշտոն է, ուստի որևէ կուսակցության աջակցությունից օգտվելու դեպքում ես կասկածի տակ կդնեմ հետագայում դատավորի պաշտոնում իմ անկախությունն ու օբյեկտիվությունը։

Իբրև իմ քաղաքական չեզոքության դրսևորում՝ ես հավասարապես ընդունում եմ բոլոր լրատվամիջոցների հարցազրույցի հրավերները։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե որ լրատվամիջոցի հետևում որ կուսակցությունն է կանգնած։ Լրատվամիջոցներն ինձ համար հասարակությանը տեղեկություններ մատուցող միջոցներ են և ժողովրդավարության կարևոր գործիքներ։ Իմ հարցազրույցները պետք է գնահատել իմ արտահայտած կարծիքների, ու ոչ թե այն բանի հիման վրա, թե որ լրատվամիջոցն է ինձանից հարցազրույց վերցրել։ Խնդրում եմ իմ հարցազրույցները կարդալիս կամ դիտելիս հստակ սահմանազատել անձամբ իմ խոսքերը կոնկրետ լրագրողի մեկնաբանություններից։ Ես պատասխանատու եմ միայն իմ սեփական խոսքերի համար։

Եվ վերջապես, կրկին հիշեցնում եմ, որ ես ուզում եմ աշխատել Սահմանադրական դատարանում բացառապես մեկ նպատակով՝ օգնել զարգացնելու հայկական իրավունքը։ Սահմանադրական դատարանում դատավորի պաշտոնն առաջարկում է այդ նպատակին հասնելու լավագույն հնարավորությունները։ Իմ դիմումի միջոցով ես իմ օգնությունն եմ առաջարկում մեր պետությանը։ Կուզենա օգտվել պետությունն իմ օգնությունից, թե ոչ, դա արդեն իր գործն է։ Սահմանադրական դատարանում աշխատելու դեպքում ես իմ դատավոր գործընկերների հետ լուծելու եմ բացառապես իրավական վեճեր և ընդունելու եմ բացառապես իրավական որոշումներ։

Շնորհակալ եմ, որ ձեր դրական խոսքերով քաջալերում եք ինձ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել