Մարտի 15-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում Լուսառատ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ երկու հոգի, գողության նպատակով, մտել են իրենց տուն, դանակահարել եղբորն ու մեքենայով փախել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ անձինք ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի առանձնատներից մեկի ավտոտնակը։ Մինչ հարձակման էին պատրաստվել, նրանց նկատել էր տանտիրուհին։ Հրել էին կնոջը, փակել բերանը, հետո նրանցից մեկը դանակով հարվածներ էր հասցրել վրա հասած տանտիրոջը և դիմել էին փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կատարողների ինքնությունները՝ Արտաշատի բնակիչ, 34-ամյա Էդգար Ե-ն և լուսառատցի՝ 35-ամյա Արմեն Ա-ն են։ Տանտիրոջը դանակահարողը Աբրահամյանն էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արարատի քրեական հետախույզները Էդգար Ե-ին հայտնաբերեցին Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Արմեն Ա-ին՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և ԿՀԴՊԳՎ ծառայողները հայտնաբերեցին Աբովյան քաղաքում։ Էդգար Ե-ն և Արմեն Ա-ն իր վարած «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ներկայացվել Վեդիի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Եդիգարյանի անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է դիմակ:
Էդգար Ե-ն և Արմեն Ա-ն ձերբակալվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: