Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։ Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ» և «Մոսին» տեսակի հրացանները, գնդացիրները, պայթուցիչներով 42 նռնակները, նռնականետը, մի քանի հարյուր տարբեր տրամաչափի փամփուշտները գտել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկի խորդանոցում։ Տունը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած եղբորը, որը մահացել է 2014 թվականին։
Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


