Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնը 2019թ. հունվար-փետրվար ամիսներին ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 1043 ծանուցում, ինչը 50%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդհանուր առմամբ, 2018թ. 12 ամիսներին ՀԴՄ-ներով, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիտորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 9370 ծանուցում: 2475 դեպքում հարկ վճարողներն արձագանքել են ծանուցումներին: Բիզնեսի հետ երկխոսության արդյունքում 2019թ. երկու ամիսներին 12,5 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժնից:
Մոնիտորինգի կենտրոնում կատարվող ավտոմատ վերլուծությունների ու ծանուցումների շնորհիվ հարկային մարմնի հսկողական միջոցառումները հիմնավորված և թիրախային են դառնում. «Միայն բազմակի ծանուցված և վարքագծում դրական փոփոխություն չդրսևորած ռիսկային հարկ վճարողների ցանկերն են ուղարկվում համապատասխան ստորաբաժանումներին` հսկողական միջոցառումների իրականացման համար: Արդյունքում նվազում է հարկային մարմնի աշխատակիցների հետ հարկ վճարողի շփումը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Կարինե Մնացականյանը: Ըստ նրա` հսկողական միջոցառումների արդյունքների և ծանուցումների պատասխանների ամփոփմամբ շարունակաբար կատարելագործվում է ավտոմատ համակարգի ռիսկի գնահատման մեխանիզմը: Մասնավորապես` մշակվել և ծրագրավորման փուլում են գտնվում եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման ռիսկայնության գնահատման չափանիշներ, որոնց ներդրումից հետո ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնում վերլուծության կենթարկվեն նաև, օրինակ, օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ հայտարարագրած գործատուների ռիսկերը: