Պետգույքի կառավարման կոմիտեից որևէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել մամուլում տարածված լուրերի վերաբերյալ՝ վարժարանի հնարավոր օտարման հետ կապված:

«Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որեւէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։ Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Որևէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երևույթ տեղ չունի մեր դարպասներից ներս:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարժարանի կազմակերպաիրավական ձևը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն էլ ի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը: Որևէ ցուցում կամ կարգադրություն նախարարի կամ խորհրդի կողմից գույքը օտարելու վերաբերյալ առ այսօր վարժարանի ղեկավարությունը չի ստացել:

Վարժարանը մնում է հավատարիմ իր արժեքներին՝ գրագետ ու հմուտ ապագա զինվորականներ նախապատրաստելու դժվարին գործն անխոնջ կատարելով։ Զգալի է վարժարանի ներդրումը մեր զինված ուժերի գործունեության մեջ, եւ հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում կառույցն արձանագրում է միայն նվաճումներ։ Տարեցտարի ավելանում է դիմորդների քանակն ու բարձրանում է ընդունելության շեմը, վարժարանն աչքի է ընկնում իր սաների առաջադիմությամբ միջազգային ստուգատեսերում։

Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես, երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին։

Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ղեկավարություն»:

Հավելենք, որ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Վիգեն Սարգսյանը գրառում է արել. թե բա կառավարությունը բարձունք է հանձնում։ Ու անմիջապես իրենց ԶԼՄ-ներից մեկնաբանություն ստանալու հերթի են կանգնել։
Ուղղակի որոշ մարդկանց ամնեզիան պաթոլոգիկ «բարձունքներ» է գրավում։ Հիշեցնեմ, որ խոսքը ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի «գրաված» և տասնյակ միլիոնավոր դոլար արժեցած, բացառապես մարմարով, գրանիտով ու տրավերտինով կառուցածապատված շքեղ հանգստյան գոտու մասին է, որում կենտրոնական մասնաշենքից զատ տեղակայված է հյուրանոց, ինը հատ լյուքս դասի քոթեջներ և սպորտային համալիր։
Տարածքը այն ժամանակ բարձրացված աղմուկի պատճառով անելանելիությունից հանձնվեց ռազմական վարժարանին, որպեսզի պետական միջոցների վատնումը արդարացնեն «ինչ անում ենք, զինվորի համար ենք անում» տրաֆարետային կեղծավորությամբ ու որոշ ժամանակով մոռացության տան։
Ու հիմա, երբ պատկան մարմինները քննարկում են արդյունավետ օգտագործման խնդիրը, Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրեական գործ կա հարուցված, որոնց մասին ժամանակին պիտի մտահոգվեր, բայց արդեն ուշ է, հիմա անհեթեթ աղմկելու ժամանակն է։
հ.գ. Ի դեպ պետական միջոցներից տարեկան մոտ 120 մլն դրամ հատկացվում է շենքերի և ութ հեկտար տարածքի սպասարկման և կոմունալ ծախսերի համար։
հ.գ.2 Պետգույքի կոմիտեում այս հարցը չի քննարկվել, ես խնդրի մասին տեղեկացել եմ հինգշաբթի օրը, և կիրակի օրը գնացել եմ տեղում ծանոթանալու։ Ահա մի քանի նկար կիրակնօրյա այցից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել