ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեից:
Հողային օրենսգրքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն մեր հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցողները։
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք կարող են ձեռք բերել սեփականության իրավունք միայն տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի նկատմամբ։
Եթե օրենքով թույլատրվող հիմքերով, օրինակ ժառանգությամբ, օտարերկրյա քաղաքացուն որպես սեփականություն է անցել այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող իրեն պատկանել (ասենք՝ գյուղատնտեսական նշանակության հողամաս), սեփականատերն այն պետք է օտարի գույքի պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով։ Գույքն օտարելու մեկ տարի ժամկետ ունի նաև ժամանակին ՀՀ քաղաքացի եղած այն օտարերկրյա քաղաքացին, որի գույքն օրենքով այլևս չի կարող իրեն պատկանել։