Սպանություն Երևանում. փնտրում են հանցագործությունը կատարած անձին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝  2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի՝  1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի ՝ 1969 թվականին  ծնված բնակչի հետ, որի ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոցներ է արձակել 50-ամյա տղամարդու ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Որոշում է կայացվել՝ 1977թ. ծնված բնակչին ձերբակալելու մասին: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել