ՀՀ դատարաններում դատական գործերը բաշխվում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխով սահմանված կանոնների և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի՝ «Դատավորների միջև գործերի բաշխման, վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված կարգի համաձայն:
Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:
Այսինքն՝ դատավորն իր անուն-ազգանունը ժամանակավորապես բաշխման ցանկից հանելու կամ իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու առաջարկով կարող է դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ հիմքում ունենալով վերը նշված իրավակարգավորումը:
Դիմումների քննարկման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի նիստերին հրավիրվում են նաև դիմում ներկայացրած դատավորները: Ավելին, հարկ է նկատել, որ դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու, ինչպես նաև բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու ժամկետները լրանալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստում, որպես օրակարգային հարց, քննարկվում է նաև տվյալ դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելուց, ինչպես նաև բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելուց հետո դատավորի վարույթում գտնվող գործերի վիճակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը:
01.09.2018-28.02.2019թթ. ընկած ժամանակահատվածում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդին են ներկայացվել թվով 26 դիմումներ:
Հիշյալ 26 դիմումներից 18-ը ներկայացվել են քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, որոնք վերաբերել են դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելուն: Ներկայացված 18 դիմումներից 12-ը բավարարվել են, 2-ը՝ մերժվել են, իսկ 4 դիմումները դեռևս չեն քննարկվել: Հիշյալ 26 դիմումներից 7-ը ներկայացվել են քրեական մասնագիտացման դատավորների կողմից:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների արդյունքում 4 դատավորի անուն-ազգանուն հանվել է գործերի բաշխման ցանկից, 2 դատավորի՝ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ է սահմանվել, իսկ 1 դիմում մերժվել է, որով ակնկալվել է դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանել կամ դատավորին բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանել: Հիշյալ 26 դիմումներից 1-ը ներկայացվել է վարչական մասնագիտացման դատավորի կողմից և վերաբերել է դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելուն: Ներկայացված դիմումը բավարարվել է:
Քրեական գործերով դատավորների միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ.
Քրեական գործերով Երևան քաղաքում մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածությունը հետևյալն է.
– 2013 թվականին մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 66 գործ,
– 2014 թվականին՝ 65 գործ,
– 2015 թվականին՝ 79 գործ,
– 2016 թվականին՝ 82 գործ,
– 2017 թվականին՝ 85 գործ,
– 2018 թվականին՝ 81 գործ։
Քրեական գործերով մարզերում մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածությունը հետևյալն է.
– 2013 թվականին մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 74 գործ,
– 2014 թվականին՝ 74 գործ,
– 2015 թվականին՝ 78 գործ,
– 2016 թվականին՝ 76 գործ,
– 2017 թվականին՝ 85 գործ,
– 2018 թվականին՝ 84 գործ։