Ամենալավ ֆիլմը միշտ ընհատվում է ամենահետաքրքիր մասում: Իսկ որն է պատճառը. Իհարկե գովազդը:
Իսկ որքան կարող է տևել գովաղդային ընդհատումը: Սա երևի բոլորին հուզող հարցերից է:
««Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի` արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը)»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Եթերային ժամի հաշվարկը սկսվում է յուրաքանչյուր օր 00.00 ժամից:
Արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնային լրատվական հաղորդագրությունների ժամանակ:
1. Արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների և Հանրային հեռուստառադիոընկերության հոգևոր-մշակութային ուղղվածության հեռուստաալիքի կողմից, բացառությամբ վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ներառված գովազդի:
Զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդայիին հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տևողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:
Նշված դրույթները չեն գործում, եթե ռադիոհեռուստատեսային հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային ալիքով:
Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:
Աղբյուրը` Իրավաբան.net