ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչին:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2018 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ., ինչպես նաև նրա անչափահաս եղբայրը՝ ծնված 2002թ.՝ «ձախ աճուկային շրջանի թափանցող վերք» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքում գործող մսի խանութում խանութի տիրոջ և Լոռու մարզի 28 և 31-ամյա բնակիչների միջև մսին ձեռք տալու կապակցությամբ վիճաբանություն է առաջացել: Լսելով վիճաբանության ձայները՝ նրանց են մոտեցել խանութի տիրոջ 17 և 26-ամյա որդիները, որից հետո 28-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածել է նախ 26-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին, ապա նաև վերջինիս անչափահաս եղբոր ձախ աճուկային շրջանին՝ նրանց պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այնուհետև, խանութի տերը, տեսնելով, որ 28 և 31-ամյա տղամարդիկ ցանկանում են փախուստի դիմել «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով, որդիներին դանակահարելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու դրդապատճառով, կացնով դիտավորությամբ հարվածել և ջարդել է 31-ամյա տղամարդուն պատկանող «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Խանութի տիրոջը՝ 23-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: