Կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին, որոշում կընդունի երկու կազմակերպություններ լուծարելու մասին:
Որոշման նախագծում նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է:
Մեկ այլ որոշման համաձայն, կլուծարվի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն:
«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տարվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը իր ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար: