Ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագները կմեղմվեն և մասնակի կսուբսիդավորվեն. կառավարության որոշման նախագիծ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» ծրագրի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» միջոցառմամբ նախատեսված գումարները տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց՝ հետևյալ չափերով`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162,702 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 9,702 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց 28,712 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 1,712 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ընկերությունը ս.թ. օգոստոսին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրել էր սակագները վերանայելու հայտ 2019թ. համար՝ նախատեսելով 1 խմ համար 14 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն) գործող սակագնի (191,414 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն) բարձրացում: Ս.թ. նոյեմբերին Հանձաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպված քննարկումների արդյունքներով և մինչ այդ իրականացված մոնիտորինգի տվյալներով որոշվել էր Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել 1 խմ համար՝ 10,858 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն)  գործող սակագնից  ավել սակագին (կամ 202,272 դրամ/խմ):

Նպատակ ունենալով թեթևացնել բաժանորդների սոցիալական բեռը՝ Նախարարությունը դիմել է Ընկերությանը (առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ) և վերջինս համաձայնվել է՝ Պայմանագրի և Լիցենզիայի պահանջներից բխող 2019թ. համար սակագնի օրինական բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառել (հետաձգելով այն): Միաժամանակ Կոմիտեն համաձայնվել է դրանով պայմանավորված Ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ. ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Կոմիտեի ծրագրերի իրականացման համար տրամադրվող վարկային միջոցների խնայողություններից:

Հանձնաժողովի ս.թ. նոյեմբերի 28-ի նիստում՝ 2019 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները, այդ թվում՝ մանրածախ, թողնվել են 2018 թվականի սակագների չափով (գումարային 191,414 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն) .

    1) ջրամատակարարման ծառայության դիմաց՝ 162,702 դրամ/խմ (ԱԱՀ-ով),

    2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության դիմաց՝ 28,712 դրամ/խմ (ԱԱՀ-ով):

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել