Միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություններ ստեղծելն է: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ոստիկանությունը և ԱԱԾ-ն մեկ նախարարությունում միավորելու մասին:
«Ի՞նչ է նշանակում նախարարություն: Դա նշանակում է, որ քաղաքական դեմքը պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար: Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակիորեն կամ անուղակիորեն կուսակցականացվելու է»,-նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ գործող կառուցվածքով պահպանված է իրավապահ համակարգի կայունությունը:
«Այս տարի աննախադեպ դեպք է գրանցվել, երբ ԱԱԾ տնօրենը բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ գնացել է խորհրդարան և մասնակցել է դրան»,-նշեց նա և հավելեց՝ այնպես չէ, որ նախարարները ավելի քիչ հաշվետու են վարչապետին, քան վարչապետին ենթական մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը. «Եթե Ձեզ թվում է՝ որևէ նախարարություն վարչապետին պակաս ենթակա է, քան ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանապետ, ապա դա սխալ տպավորություն է: Ես Ձեզ ասեմ, որ այդ մասով աշխարհի բոլոր երկրներում է այդպես»: