Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ բացառված է, որ լինի տեղեկատվություն և այդ տեղեկատվության մասին հանրությունը տեղյակ չլինի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ նախագահի նստավայրում, կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ (ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը) հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարց չի քննարկվել, Ղարաբաղ, Արցախ անունը չի շոշափվել, Ադրբեջան անունը չի շոշափվել: Իսկ Ալիեևի հետ հանդիպումները, ես ասել եմ, դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը քննարկման ենթակա չէ: «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի քաղաքականություն չի վարել և որևէ զուգահեռ և ընդհանուրթյուն գտնել ու փորձերը նախկինում վարված քաղաքականության հետ՝ կատարյալ մոլորեցում է»,-ասաց վարչապետը: