2018 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լարգրողների հետ զրույցու այս մասին հայտնեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը եղել է 20 հազար 284, 2018 թվականին՝ 22 հազար 551:
Արմեն Ղուկասյանը աճը պայմանավորում է երկու հանցատեսակների գծով:
«Առաջինը կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են: Եթե 2017 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018 թվականին դրանց թիվն աճել է մոտ 2.5 անգամ՝ կազմելով 1353: Այս հանցագործությունները իրենց բնույթով դասվում են առավել լատենտային հանցատեսակների շարքին և դրանց թվի աճը ինքնին դրական արդյունք է, քանի որ դրանց հայտնաբերումը իրավապահ մարմինների համար բավականին բարդ է և պահանջում է օպերատիվ քննչական լայնածավալ միջոցառումների պատշաճ իրականացում: Հարկ եմ համարում նշել, որ հայտնաբերված դեպքերի 56.2 տոկոսը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից»,-նշեց Ղուկասյանը:
Վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 5.7 միլիարդ դրամի վնաս, 2017 թվականին հասցված վնասը կազմել է շուրջ 735 միլիոն դրամ:
«Հանցագործությունների ընդհանուր թվի աճի վրա մեծապես ազդել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատի ավելացումը՝ մոտ մեկ քառորդով: Այդ հանցագործությունների թիվը 2017 թվականին կազմել է 8102, անցած տարի՝ 10 հազար 112»,-նշեց նա: