ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները:
2019թ. հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 06:30-ին, քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում հանկարծամահ է եղել 2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ իրականացրած և վերականգնողական փուլ անցնող կալանավոր Մհեր Եղիազարյանը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու առիթ և բավարար հիմքեր՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: