Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բնապահպանական հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են ավելի բարձր դրույքաչափերով հարկել հին և շարժիչի մեծ հզուրություն ունեցող ավտոմեքենաները:
Քաղաքականության այս ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասունանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար, նմանատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
Առաջարկվում է վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ: