5 երիտասարդ է ձերբակալվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2019թ. հունվարի 18-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել առ այն, որ 2019 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատություն-Ն.Զարյան փողոցների խաչմերուկի մոտ իրար ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու պատճառով ծագած վեճի ժամանակ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և  ուղևորները իջել են նշված ավտոմեքենայից ու սկսել մահակներով հարվածել «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի ապակիներին՝  պատճառելով նյութական վնաս:

Փաստի առթիվ 2019թ. հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից երիտասարդների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1995, 1996, 1994, 2000, 1996թթ.:

2019թ. հունվարի 21-ին նրանք ձերբակալվել են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել