Օպերայի մերձակայքի բետոնյա ծածկույթները կմաքրվեն և տարածքը կկանաչապատվի

Քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը:

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից:

«Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարո ղ հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):

Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Նշեմ, որ կանաչապատման ենթակա տարածքում գործող բոլոր սրճարանները, բացառությամբ մեկի, սրճարանային տարածք ունեն հարակից հատվածներում, այսինքն, կանաչապատվելու է նրանց տնօրինած տարածքների միայն մի մասը: Քաղաքապետարանը, պայմանագրի սույն դրույթը իրացնելու դեպքում տնտեսվարողին փոխհատուցում տրամադրելու պարտավորություն չունի: Այնուհանդերձ, քաղաքի իշխանությունները հավատարիմ են ձեռնարկատիրությունը խթանելու իրենց քաղաքականությանը, եւ նշված տնտեսվարողները, բնականաբար, կարող են շարունակել իրենց բիզնեսը քաղաքի այլ, ավելի պատշաճ հատվածներում:

Նշածս տարածքներն ազատելուց և դրանք բետոնյա ծածկույթներից մաքրելուց հետո քաղաքապետարանը կանաչապատելու է տարածքը արդեն այս գարնան սկզբից»,-նշում է նա:

Լուսանկարները՝ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել