Իոսիֆ Աղաջանովի ծնողները կոչով դիմում են Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին. նրանք պնդում են, որ իրենց որդու սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին չպետք է ներում շնորհվի

20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ներում շնորհել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին:

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալն Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:

Իոսիֆ Աղաջանովի ծնողները կոչով դիմում են Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին.

«Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոնայք,
Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝Ելենա Աղաջանովա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել