Կառավարությունն այսօր՝ հունվարի 10-ին կայանալիք նիստի ժամանակ որոշում կընդունի լուծարել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Որոշման նախագծում նշվում է, որ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով, որի համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել Կազմակերպությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 25-րդ հոդվածը:
Կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում:
Այս կարգավորման նպատակն է, որ կազմակերպության գործառույթներն իրականացվի Նախարարության միջոցով և տնտեսվի պետական բյուջեից տրամադրվող գումարը:
Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պետական բյուջեում կտնտեսվի Կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 29.569.400 դրամ: