Հունվարի 7-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծեցին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը: