Թեև դեռ ամուսնացած չեմ, բայց մեծագույն հաճույքով կօգնեմ ընտրյալիս ամանորյա տոնական գործերում. Արմեն Գրիգորյան

Իրավաբան Արմեն Գրիգորյանը Իրավաբան.netին պատմել է 2019 թվականից իր ակնկալիքների մասին:

-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:

-Հայաստանի համար մեծ փոփոխությունների տարի էր, հատկապես` հասարակական-քաղաքական առումով: Փոփոխությունը զարգացման հիմքն է, և շատ կարևոր է, որ այդ զարգացումը լինի միմիայն առաջընթացի ձևով: Ես` որպես իրավաբան, միշտ փորձում եմ քաղաքականապես չեզոք լինել և, նաև որպես իրավապաշտպան, միշտ ընդդիմադիր եմ (ոչ քաղաքական իմաստով): Այդուհանդերձ, հաճելի էր տեսնել մարդկանց, որոնք ապացուցեցին, որ համախմբվելով կարելի է մեծ հարցեր լուծել, հրաշալի էր տեսնել երիտասարդների, որոնք հակադրվում են քրեական ենթամշակույթի հասկացողությամբ հարցեր լուծելու գաղափարին ու դրանց կրողներին: Ինչ քաղաքական ուժ էլ որ լինի իշխանության, բոլոր պաշտոնատար անձինք պետք է անընդհատ իրենք իրենց հիշեցնեն, որ ծառայում են ժողովրդին, և ամենակարևորը մարդն է, ով միշտ պետք է պաշտպանված լինի: Մենք բոլորս պետք է փոփոխություններն առաջընթացի վերածենք, ամեն ինչ անենք, որ մեր երկիրը հզորանա և կարողանա վստահ անցնել բոլոր մարտահրավերների միջով:

2018-ին, ցավոք, մեծագույն հայի կորցրինք` Շառլ Ազնավուրին. նա օրինակ է ամբողջ մարդկային քաղաքակրթության համար, և անչափ հպարտ եմ, որ մենք նրա պես ազգային հերոս ունենք: Չեմ կարող չհիշել մեր հրաշալի ծանրամարտիկների` Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի փայլուն ելույթներն աշխարհի առաջնությանը. մեր 21-ամյա Սիմոնն իսկապես փառահեղ չեմպիոն է, Գոռի արդյունքը ևս շատ լավն էր, բայց նա դեռ կունենա նաև իր չեմպիոնական ելույթները:

Ինչ վերաբերում է անձնապես ինձ, անցած տարին ինձ համար ևս հագեցած էր. հիշարժան բաներից կարող եմ նշել այն, որ փաստաբանի արտոնագիր ձեռք բերեցի և ուրախ եմ, որ փաստաբանությամբ ևս կկարողանամ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել:

-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:

-Չեմ առանձնացնի որևէ կոնկրետ դատական ակտ. ես ուրախ եմ յուրաքանչյուր և ցանկացած դատական ակտի համար, որն արդարացի է, իրավական, որի կենտրոնում մարդն է` որպես բաձրագույն արժեք, և որը արդար լուծում է տալիս մարդկանց խնդիրներին: Բոլոր դատավորները պետք է գիտակցեն այն կարևորագույն առաքելությունն ու պատասխանատվությունը, որ կրում են` ապահովել հասարակության իրավական անվտանգությունը:

-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:

-Կոռուպցիան մեր երկրի մեծագույն քաղցկեղն է, որն, ավաղ, ամենուր է: Խոսքը ոչ միայն կաշառակերության, այլ նաև` ընկեր-բարեկամ-ծանոթ կապերի միջոցով օրենքը շրջանցելու և հարցերը լուծելու մասին է: Եթե մենք ուզում ենք հզոր երկիր ունենալ, ապա պետք է անպայման մերժենք օրենքից դուրս «լավություն անելու» կամ «օգնելու» բոլոր տեսակի խնդրանքները` թեկուզ այդպիսով «նեղացնելով» մեզ մտերիմ մարդկանց: Չէ՞ որ մեկին «օգնելով»` վնասում են մեկ այլ մարդու: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հասկանա, որ, կոռուպցիայի մեջ մտնելով, ինքն իրեն վաճառում է` անվերադարձ կորցնելով իր արժանապատվությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգային լինի. միայն քրեական պատասխանատվությունը չի կարող վերացնել կոռուպցիան (թեև կարևորագույն միջոց է), պետք է նաև գաղափարական հարթության վրա ոչնչացնել կոռուպցիան` օրինակ, դեռևս վաղ տարիքից երեխաներին բացատրելով դրա աղետալի բնույթը:

-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

-Եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ես կարծում եմ, որ այն արդյունքը, որին նախատեսվում է հասնել անցումային արդարադատության, լյուստրացիայի միջոցով, կարելի է ապահովել առկա իրավական կառուցակարգերով: Անցումային արդարադատությունը, լյուստրացիան զուտ իրավական միջոցներ չեն, այլ նաև` քաղաքական: Այսինքն` մենք պետք է ի սկզբանե ընդունենք, որ գոյություն ունեցող դատական, իրավապահ համակարգն անկարող են պատասխանատվության ենթարկել որոշ մարդկանց որոշ արարքների համար, և պետք է առանձնահատուկ միջոցների դիմել: Սա, որպես կանոն, բնորոշ է այն երկրներին, որտեղ, օրինակ, երկար տարիներ իշխել է ռազմական դիտկատուրա, տեղ են գտել մարդու իրավունքների ծայրահեղ ծանր և համատարած խախտումներ, իսկ հեղափոխական նոր իշխանությունները չեն կարողանում առկա սահմանադրական կարգավորումների շրջանակներում վերացնել այդ իրավիճակի հետևանքները: Ինչ խոսք, մարդու իրավունքների խախտումներ Հայաստանում եղել են, բայց իրավիճակն այնպիսին չէ, որ պետք է դիմել ոչ ստանդարտ քայլերի: Մեր երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, և ապապետական ու օրինազանց պաշտոնյաներին կարելի է բացահայտել գոյություն ունեցող բազմաթիվ իրավական միջոցներով (մասնավորապես` օպերատիվ-հետախուզական): Նմանապես նաև կարելի է ապահովել արդարադատության համակարգի բնականոն գործունեությունը` դատավորների վրա ճնշումները բացառելու, նրանց բարձր մակարդակի անվտանգությունն ապահովելու, սակայն, դրա հետ մեկտեղ, ապօրինի դատական ակտեր կայացնողներին պատժելու միջոցով: Անցումային արդարադատության «առավելությունը»` պատժի փոխարեն` հաշտեցումը «մեղավոր» և տուժող կողմերի միջև (որը ենթադրում է պատճառված վնասների ինքնակամ հատուցում), կարող է կյանքի կոչվել նաև գործող օրենսդրության շրջանակներում:

-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:

-Թող հեռանան դատավորի պատասխանատու պաշտոնից այն մարդիկ, ովքեր, արդարադատություն իրականացնելուց բացի, որևէ այլ նպատակով են ստանձնել այդ կոչումը (Ձմեռ պապը միգուցե գերադասի ավելի հեշտ բան անել, բայց ես պնդում եմ հենց այս ցանկությունը ) և թող իսկապես ազնիվ ու արդար դատավորները երբեք չընկճվեն իրենց հասցեին հնչած քննադատությունից, եթե գործել են իրավունքի և խղճի հիմքով:

-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:

-Ամանորյա տոնական օրերը դրական հույզերով լի օրեր պետք է լինեն, այդ թվում` աշխատանքից դադար վերցնելու տեսանկյունից. լավ աշխատելու համար լավ հանգստանալ է պետք: Միևնույն է` մենք աշխատասեր ազգ ենք, որքան էլ ընդմիջենք աշխատանքը, դա անդառնալիորեն չի ազդի մեր արդյունավետության վրա: Գրեթե բոլոր զարգացած երկրներում տոնական արձակուրդները տևում են մոտ 10 օր. այն երկրներում, որտեղ Սուրբ Ծնունդը դեկտեմբերին են տոնում, արձակուրդը սկսվում է դեկտեմբերի 22-23-ին, իսկ աշխատանքային օրերը` վերսկսվում հունվարի 2-3-ին: Մենք աշխատում ենք մինչև դեկտեմբերի վերջ, Սուրբ Ծնունդը նշում հունվարի 6-ին, այնուհետև` վերադառնում աշխատանքի. կարծում եմ` այսպես և´ տրամաբանական է, և´ օգտակար:

-Այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:

-Թեև դեռ ամուսնացած չեմ, բայց մեծագույն հաճույքով կօգնեմ ընտրյալիս ամանորյա տոնական գործերում. չէ՞ որ սա ընտանեկան տոն է: Պատրաստ եմ ներդնել ողջ կարողություններս` հանուն լավ արդյունքի:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից: 

-Որտեղ էլ լինեմ, ինչ էլ անեմ, առաջին հերթին մտքով ու սրտով մեր զինծառայողների հետ եմ` առաջնագծում (և ոչ միայն առաջնագծում): Անչափ ցանկանում եմ, որ 2019-ին նույնիսկ վիրավոր չունենանք, մեր զինծառայողներին խաղաղ ծառայություն եմ մաղթում, մտքի ու բազկի զորություն նրանց բոլորին, և վերջապես` խաղաղություն մեր երկու հայկական միասնական օրրաններին` Հայաստանին և Արցախին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել