Այս սերունդը կրկին ցույց է տվեց, որ իր հայրենիքի նվիրյալն է. Թամարա Շաքարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, ԵԽ ազգային փորձագետ, ի․գ․թ․, դոցենտ Թամարա Շաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ անկախ իր զբաղեցրած պաշտոններից ու գործունեության ոլորտներից, յուրաքանչյուր տարին իր համար առանձնանում է իր ուսանողներով, որոնց համարել ու համարում է իր ձեռքբերումը: Նա նշել է, թե ի՞նչ է խնդրել Ձմեռ պապիկից, ինչ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ Ամանորին ընդառաջ և թե ի՞նչ

-Տիկին Շաքարյան, 2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:

-2018 թվականը պատմական նշանակություն ունեցավ Հայաստանի համար: Անշուշտ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների գնահատականը կտան տարիները և պատմությունը, սակայն 2018 թվականը նշանավորվեց նրանով, որ աշխարհը տեսավ հայ ժողովրդի ազգային համախմբվածությունը, միասնական կամքի ուժն ու դրա դրսևորման ինքնատիպությունը՝ բացառապես խաղաղ ճանապարհով իրականացնել քաղաքական մեծ փոփոխություններ:

Ինչպես նշել եմ բազմիցս անկախ իմ զբաղեցրած պաշտոններից, իմ գործունեության ոլորտներից, յուրաքանչյուր տարի ինձ համար առանձնանում է իմ ուսանողներով. ես նրանց համարել եմ ու համարում եմ իմ ձեռքբերումը: Այս տարին հաջողված էր ինձ համար նրանով, որ հպարտության զգացումս կրկնապատկվեց, երբ արձանագրվեց, որ մեր պայծառ երիտասարդ սերնդի համախմբվածությունը և վճռականությունը՝ հենց հանդուրժողականության, խաղաղության և միմյանց հարգելու մթնոլորտում թելադրեցին իրենց կամքը, ու այս սերունդը կրկին ցույց է տվեց, որ իր հայրենիքի նվիրյալն է, որ իր կամքն անկոտրում է և իր ապագայի տեսլականը կերտելու է իր հայրենիքում:

2018 թվականը հաջողված էր ինձ համար նաև նրանով, որ ներգրավվեցի գործունեության մի շարք նոր ոլորտներում ՝ հընթացս հաջողությամբ շարունակելով ընթացիկ գործունեությունս, այդ թվում՝ գիտամանկավարժական ոլորտում:

-2018թ-ի հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:

-Զուտ մասնագիտական հետաքրքրության շրջանակում կառանձնացնեմ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես փախանման միջոց կալանավորումը կիրառելու մասին դատական ակտը, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված ՀՀ վերաքննիչ դատարանի  և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, մասնավորապես՝ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ իրավական տարբեր դիրքորոշումների ամրագրման համատեքստում: Եթե իրավաբանները, մասնավորապես՝ դատավորները, ունեն տարբեր իրավական դիրքորոշումներ նշված հարցի շուրջ, ողջամիտ լուծում կլիներ, եթե նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ բողոքների վարույթը կասեցվեր և սահմանադրականության հարցը որոշելու համար դիմեին Սահմանադրական դատարան:

-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:

-Կարծում եմ ոչ միայն այս տարի, այլ վերջին տարիներին թերևս ամենաշատը բոլոր ոլորտներում այդ բառն է հնչում, ավելին՝ կոռուպցիայի դեմ պայքարը միշտ էլ եղել է կառավարության քաղաքականության առաջնահերթություններից: Հայաստանում կոռւոպցիայի դեմ պայքարը հաջողություններ չի գրանցում, քանի որ   միայն որպես առաջնահերթություն հռչակելը դեռ բավարար չէ,  այն միայն դեկլարատիվ բնույթ կկրի, եթե իրական քայլեր չձեռնարկվեն, ընդ որում ոչ միայն օրենսդրական կարգավորումների համատեքստում, այլ գործնականում դրանց պատշաճ կիրառման ապահովմամբ, այսինքն՝ չպետք է  լինի  «կոռուպցիայի դեմ պայքար առանց պայքարի»,  ավելին՝ այդ  պայքարը չպետք է դառնա «քաղաքական հաշվեհարդարի» պոպուլիստական գործիք:

Կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար անհրաժեշտ է ունենալ կամք, վճռականություն ու հաստատակամություն, այսինքն՝ առաջին հերթին նման որակներով օժտված մասնագիտական բարձր արհեստավարժություն ունեցող կադրեր են անհրաժեշտ, որոնց համար առաջնայինը պետության շահն է և մասնագիտական արժանապատվությունը: Նման կադրային քաղաքականության պարագայում նվազագույնի կհասցվեն և շարունակական գործընթացների դեպքում իսպառ կբացառվեն կոռուպցիոն դրսևորումները կոռուպցիայի նկատմամբ ամենախոցելի օղակներում, այնուհետև՝ աստիճանաբար նաև մնացած օղակներում: Նման կադրերը իրենց վարքագծով պետք է օրինակ դառնան հասարակության համար, և հասարակությոնում ձևավորեն օրենքի առջև հավասարության և իրավունքի գերակայության սկզբունքների անվերապահ պահպանման մթնոլորտ: Օրինակ, երբ ուսանողներից մեկի համար ինձ խնդրում են ընդառաջել (անշուշտ խոսքը չի վերաբերում զրո գիտելիք ունեցող ուսանողին ընդառաջելուն, քանի որ ինձ համար դա սկզբունքային է ու բոլորը գիտեն, և նման դեպքերում ինձ չեն էլ դիմում), ես բոլորին եմ ընդառաջում անխտիր, որպեսզի արդարության զգացումը դեռ ուսանողական տարիներից այդ երիտասարդների մոտ չստորադասվի այլ արժեքների, ընդ որում քննությունը անցկացնում եմ մյուս բոլոր ուսանողների ներկայությամբ, որ հավասատիանան, որ մեր երկրում առաջնայինը գիտելիքն է, մասնագիտական արհեստավարժությունը և այն չի կարող իր տեղը զիջել անձնական որևէ հարաբերության՝ հովանավորչության ձևով: Թերևս Հայաստանում հովանավորչությունը որպես կոռուպցիայի ձև ամենատարածվածն է: Կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար անհրաժեշտ է նաև հասարարակական վերահսկողություն, հասարակության արժեհամակարգի վերափոխում՝ չհանդուրժելու և պատրաստակամ չլինելու մասնակիցը դառնալ կաշառքի և հովանավորչության կոռուպցիոն դրսևորումներին: Այս փոխկապացված և որոշիչ բաղադրիչների ապահովմամբ կարելի է իրական արդյունքներ գրանցել և հաջողել կոռուպցիայի դեմ պայքարում: Ամեն դեպքում հույս ունեմ, որ մոտ ապագայում դրանք տեսանելի կլինեն:

-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին: 

-Անցումային արդարադատության գաղափարի վերաբերյալ դրական կամ բացասական գնահատական չի կարող տրվել, քանի դեռ չեն կանխորոշվել դրա հիմնարար ուղղությունները: Հարկ է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց բարձր  պետք է լինեն այն չափանիշները և պահանջները, որոնց պարագայում կարելի է ձևավորել և գործադրել անցումային արդարադատության համակարգը։

Անշուշտ, Հայաստանի դատական համակարգում են առկա են լուրջ խնդիրներ, կապված դատարանների ներքին և արտաքին անկախության, հանրության վստահության պակասի, կոռուպցիոն դրսևորումների, դատավորների մասնագիտական ցածր արհեստավարժության հետ և այլն: Բայց այս խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական կառուցակարգերով, այսինքն՝ անցումային արդարադատության գործադրումը պետք է իրականացվի բացառապես ՀՀ սահմանադրության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ: Այս տեսանկյունից կարծում եմ  լյուստրացիան խոցելի է, առավել նախընտրելի է վեթթինգի իրականացումը, բայց դարձյալ այն կարգավորող համապատասխան իրավական կառուցակարգերի ամրագրմամբ:

-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:

-Կարծում եմ ոչ, բայց ոչ թե այն հիմնավորմամբ, որ դեմ եմ ոչ աշխատանքային տոնական օրերին, այլ իրականում դա նախադրյալ կհանդիսանար հայկական իրականության մեջ ամանորը մեկ շաբաթ նշելու ավանդույթը վերափոխելու:

-Այս օրերին Ձեր ընտանիքի անդամները աջակցու՞մ են ձեզ՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:

-Իհարկե, եթե լինում է անհրաժեշտություն, ապա աջակցում են: Իրականում Ամանորի կապակցությամբ նախապատրաստական ամենահաճելի պարտականությունը, որը մշտապես ես եմ կրում,  եղևնու զարդարումն է ու տան ամանորյա ձևավորումը:

-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:

-Հայաստանում արդարադատության ոլորտի համար Ձմեռ պապիկից կխնդրեմ արդարություն և զրո հանդուրժողականություն ցանկացած անարդարության նկատմամբ, հարգանք մարդու և նրա արժանապատվության նկատմամբ և բացառապես պրոֆեսիոնալիզմի գերադասում ինքնահաստատման դրսևորման բոլոր ձևերից: Իսկ ինձ համար կխնդրեմ համբերություն և հոգու խաղաղություն, որ ընդունեմ այն ինչ չեմ կարող փոխել, քաջություն ու կամք, փոխելու այն ինչ կարող եմ փոխել և իմաստություն, որ տարբերեմ մեկը մյուսից:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից: 

-Միշտ էլ նոր հաջողությունների ու ձեռքբերումների հույսով ու հավատով  ես սպասում գալիք տարվան, ու 2019 թվականն էլ բացառություն չէ: Իմ ամենամեծ ցանկությունը շարունակում է մնալ այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի, որ բոլոր զինվորներն անփորձանք ծառայեն և առողջ վերադառնան իրենց ընտանիք: Ակնկալում եմ  մեր ժողովրդի աչքերում արթնացած նոր հավատը ապագայի հանդեպ հուսալքության շղարշով չպատվի, որ պետություն-ժողովուրդ փոխհարաբերություններում ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը չխաթարվի, քանզի այն շարունակում է մնալ առանցքային նախապայման սխալները սրբագրելու և դժվարությունները համախմբված հաղթահարելու կամք ձևավորելու ու դրանով իսկ ապագա սերունդներին մեր երազած հայրենիքը ժառանգելու համար:

Մասնագիտական գործունեության ոլորտում ակնկալում եմ պրոֆեսիոնալիզմի արժեևորում, ցածր և կարծրացած արժեքային համակարգի վերափոխում, որպեսզի նման արժեքային համակարգ ունեցող անձինք ի վերջո գիտակցեն, որ այս կյանքում հնարավոր է մասնագիտական ուղի անցնել և կայանալ բացառապես պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, որ այն չստորադասվի հորինած, կեղծ բամբասանքներին, տվյալ անձի նկատմամբ ունեցած համակրանքին կամ հակակրանքին, ինչպես նաև կուսակցական պատկանելիությանը:

Ակնկալում եմ նաև, որ այլևս երբեք հայոց պետականության կրոնա-գաղափարական հիմքը չդառնա քաղաքական ենթատեքստ պարունակող շեշտադրումների և շահարկումների առարկա, քանզի Հայ Առաքելական Եկեղեցին եղել է և շարունակելու է մնալ հայ ազգային ինքնության, հայապահպանության և ազգային մշակույթի զարգացման գլխավոր փարոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել