2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին փաստաբան Թամարա Բաղդասարյանի մոտ ամենաշատը տպավորվել է իր 18-ամյա պաշտպանյալի կալանավորումը, ով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել:
-Տիկին Բաղդասարյան, 2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:
-2018 թվականը իմ կյանքում անձնապես լուրջ փոփոխություններ չի արել, սակայն որպես հայ կարող եմ արձանագրել, որ այն ազգային զարթոնքի տարի էր, միասնության հերթական լուրջ դրսևորման և, հուսամ, հետագայում հիասթափության չհանգեցնող իրադարձությունների տարի էր:
-2018թ-ի հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:
-Երևի թե պետք էր առանձնացնել հաջողություններ գրանցած գործերը, սակայն հատկապես մի գործ է տպավորվել՝ մայիսյան դեպքերի հետ կապված. Մաշտոցի պողոտայում անկարգության դեպքով մի պաշտպանյալ ունեի, ով 18 տարեկան էր, հետո էլ սահմանափակ մեղսունակ ճանաչվեց, ում դատարանը կալանավորեց ընդամենը լուսացույցը շարժելու համար: Անկեղծ, ամբողջ գիշեր չքնեցի: Իհարկե, ի ուրախություն ողջ ազգի, հաջորդ օրն Ս. Սարգսյանը հրաժարական տվեց և նա ազատվեց արգելանքից: Հատկանշական է, որ մեղադրանք էին առաջադրել մանկուց հոգեկան և ֆիզիկական մի շարք առողջական խնդիրներով մեկին, ով անգամ ընկալման խնդիր ուներ. մեղադրանք առաջադրելիս զարմացած նայեց դեմքիս և հարցրեց, թե ինչ է նշանակում զանգվածային անկարգությունը…. և գտել էին, որ «խիստ վտանգավոր է» և մեկուսացման ենթակա:
-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:
-Հայ իրականությունում տպավորություն է, որ երկրի ղեկավարությունը լծված է զուտ կոռուպցիայի դեմ պայքարի գործին, մի շարք քրեական գործերի առկայությունն ուղիղ վկայում են այդ մասին, սակայն ես, որպես փաստաբան, իհարկե, չեմ խախտի որևէ մեկի անմեղության կանխավարկածը և այդ մասին դատողություններ կանեմ միայն օրինական ուժ ստացած ակտերի առկայության դեպքում:
-Տիկին Բաղդասարյան, այժմ քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
-Ես նախկին իշխանությունների և պաշտոնյաների գործունեությանը հիմնականում դեմ եմ եղել և գտնում եմ, որ պետական և առավել ևս իրավական համակարգը պետք է մաքրվեն բոլոր անառողջ դրսևորումներից, սակայն այս պահին նոր իշխանությունների կողմից իրականացվող կադրային քաղաքականությունը ևս, մեղմ ասած, լավը չէ և, հուսամ, որ մի օր լուրջ հիասթափություն չի լինի, քանզի նախկինները ժողովրդի ընտրյալները չէին….
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:
-Արդարադատության ոլորտի համար, իհարկե, արդարամիտ արդարադատություն իրականացնողներ և այնպիսի վստահության մթնոլորտի ստեղծում, որ շահառուի համար այնքան արդարացի լինեն որոշումները, որ չբողոքարկվեն:
Իսկ անձնապես ինձ համար խաղաղություն եմ խնդրում, իմ բալիկների ու աշխարհի բոլոր երեխաների համար կատարյալ առողջություն եմ խնդրում, իսկ մասնագիտական առումով, իհարկե, նոր հաջողություններ:
-Տիկին Բաղդասարյան, այս օրերին Ձեր ամուսինը, ընտանիքի անդամները աջակցու՞մ են ձեզ՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:
-Տնային գործերում ամուսնուս մայրիկն ու աղջիկս են աջակցում, իսկ, ըստ իմ ընտանիքի տղամարդկանց, դրանք կնոջ գործեր են:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:
-2019 թվականից ակնկալում եմ այն ամփոփելիս արձանագրել, որ բարեկեցության, լիության, երջանկության, խաղաղության, առողջության, նոր ձեռքբերումների և հաջողությունների տարի էր: