Հարսանիքի ավարտին պահաջել է ևս մի քանի երաժշտություն միացնել, մերժում ստանալուց հետո հարվածել է մենեջերին. գործը դատարանում է

Կոտայքի մարզի ընդհանուր  իրավասության դատարանում քննվում է Արա Բաղդասարյանի գործը: Գործը դատարան է մուտքագրվել 2018-ի հուվարի 17-ին և մակագրվել է դատավոր Գոռ Շահբազյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության ՝ Արա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ջրվեժ գյուղում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում մասնակցելով իր կնոջ եղբոր, Արթուր Խաչատրյանի հարսանյաց հանդիսությանը, այն ավարտվելուց հետո արդեն մոտեցել է մենեջեր Ոսկեհատ Մ.-ին, պահանջել ևս մի քանի երաժշտություն միացնել, որին ի պատասխան Ոսկեհատ Մ.-ն ասել է, որ այդ հարցերով իրեն կարող է մոտենալ միայն փեսայի հայրը:

Արա Բաղդասարյանը ստանալով մերժողական պատասխանը և չհանդուրժելով դա, խուլիգանական մղումներով, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ոսկեհատ Մ.-ի, «Վան» ռեստորանային համալիրի մյուս աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ, այն է՝ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել մենեջերի հասցեին, փորձել է ձեռքով հարվածներ հասցնել նրան, իսկ Ոսկեհատ Մ.-ն պաշտպանվելու նպատակով ձեռքին եղած ապակյա տարայով հարվածել է Արա Բաղդասարյանի գլխի շրջանին:

Արա Բաղդասարյանը կանգ չի առել, մենեջերի հետևից մտնելով խոհանոց ոտքով հարվածել է նրա որովայնին, ձեռքով հարվածներ հասցրել գլխի շրջանին, ինչը կանխվել է Ոսկեհատ Մ.-ի կողմից նույն ապակյա տարայով Ա. Բաղդասարյանի գլխին հարվածելով: Այնուհետև ամբաստանյալը խոհանոցում սեղանի վրայից վերցնելով ապակյա տարան, փորձել է նետել մենեջերի ուղղությամբ, ինչին միջամտել է «Վան» ռեստորանային համալիրի մատուցող Խաչատուր Մ.-ն, որի ընթացքում Ա.Բաղդասարյանը դիմադրություն է ցույց տվել իր գործողությունները խափանող Խաչատուր Մ.-ին՝ ձեռքով հարվածներ հասցնելով նրանց:

Արա Բաղդասարյանը չհանդարտվելով և ներքին բավականություն չստանալով խոհանոցում ոտքով հարվածելով, ձեռքով քաշելով հատակին է թափել և դիտավորությամբ ոչնչացրել է թվով 250 հատ ափսեներ՝ «Վան» ռեստորանի սեփականատերոջը պատճառելով գույքային վնաս:

Գործի դատաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել