2017 թվականի օգոստոսի 9-ին դատարան է մուտքագրվել մեղադրյալ Վահագ Մաթևոսյան գործը: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Կարեն Ֆարխոյանին:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Վահագն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, անչափահասներ Սարգիս Ա.-ին, Կոլյա Ա.-ին և Վազգեն Բ.-ին շահագործելու նպատակով 2016թ.ամռանը մայիս կամ հունիս ամսին, քննությամբ չպարզված օրը, խաբեությամբ ճոճանակ նստելու ու զվարճանալու պատրվակով, նրանց տեղափոխել է գյուղի հարևանությամբ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածք:
Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջիններիս նկատմամբ Վահագն Մաթևոսյանը բռնություն է գործադրել, ծեծել է ու քաշքշել:
Նա հարկադրել է Սարգիս Ա.-ին, Կոլյա Ա.-ին և Վազգեն Բ.-ին օդանավակայանի ավտոկայանատեղիում զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկողությանտակ է պահել նրանց: Այդ ընթացքում անչափահասները օդանավակայանի տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ:
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո մոտեցել են Վ.Մաթևոսյանին, ով Վ.Բեգլարյանից ստացել է հավաքված ողջ գումարը, շուրջ 7000 ՀՀ դրամ: Վահագն Մաթևոսյանը հավաստիանալու համար, որ նրանց մոտ այլ գումար չի մնացել ստուգել է նրանց գրպանները, որից հետո հավաքված գումարից 700 դրամ տվել Վ.Բեգլարյանին, 120 դրամ և 74 դրամին համարժեք 10 ռուբլի տվել է Կ.և Ս.Անդրեասյաններին իսկ գումարի մնացած մասը տնօրինել է անձամբ:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 1-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: