ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ այցը նոր փուլ է նախանշել իրավական ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով, իսկ Թեհրանում երկու երկրների գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության հուշագիրը լուրջ խթան կհանդիսանա թե՛ համակարգային և թե՛ դատախազների անձնական հարաբերությունների մակարդակներով շփումներն ավելի զարգացնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հուշագրով 2019թ. համար նախատեսված՝ Հայաստանում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են գործնական քայլեր: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների հայտնաբերման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:
ՀՀ գլխավոր դատախազը նաև հավելել է, որ Իրանի իր գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին հրավիրել է այց կատարել Հայաստան, և ուրախ կլինի, եթե հուշագրով նախատեսված համատեղ միջոցառումների մեկնարկը Երևանում նրա հետ տան միասին:
Շնորհավորելով հայ ժողովրդին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ դեսպան Սաջադին շեշտել է, որ դեսպանության և ՀՀ գլխավոր դատախազության միջև ձևավորված հարաբերություններն օրինակելի են, իսկ երկու երկրների միջև իրավական ոլորտում կապերն ամրապնդվում են երկու դարավոր բարեկամ երկրների միջև տարբեր ուղղություններով զարգացող հարաբերություններին համահունչ: Նա երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացումը կարևորել է հատկապես վիզային ռեժիմի դյուրացումից հետո երկու երկրների քաղաքացիների բավականին ակտիվացած փոխայցելությունների համատեքստում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից: Դեսպանի կարծիքով կարևոր ձեռքբերում կարելի է համարել մեղադրյալների, հետախուզման մեջ գտնվող անձանց հանձնման ոլորտում ձևավորված պրակտիկան:
Բավականին ջերմ, անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, երկու երկրների իրավապահ մարմինների փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա ընթացքում համագործակցության կոնկրետ ուղղություններով ավելի ինտենսիվ դարձնել հաղորդակցությունը: