Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման նպատակով ներմուծված ավտոմեքենաների (բացառությամբ մինչև 2019թ. հունվարի 1-ը ձեռք բերված ավտոմեքենաները) մաքսային ձևակերպումների վճարման ենթակա գումարի չափը պարզելու համար կոմիտեն առաջարկում է առաջնորդվել ՊԵԿ պաշտոնական կայքէջի (http://www.petekamutner.am)՝ «Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» ենթաբաժնի արժեքային ցուցիչներով: Մշակված արդյունքները տվյալ ենթաբաժնում հասանելի կլինեն 2019 թ. հունվարի 1-ից:
Այսպիսով՝ անձնական օգտագործման նպատակով 2019 թ. հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը: