Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ «Թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի աշխատանքից ազատման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ «Թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանն ազատվել է աշխատանքից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018թ․ հոկտեմբերի 5-ի հրամանի համաձայն։

Աշխատանքից ազատման համար հիմք են հանդիսացել նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի կողմից թույլ տրված աշխատանքային պարտականությունների բազմաթիվ թերացումները և խախտումները, ներառյալ՝ այնպիսիք, որոնք հայտնաբերվել և դեռևս ուսումնասիրվում են համապատասխան իրավասու մարմինների կողմից։

Օգտվելով Սահմանադրությամբ և օրենսգրքերով ամրագրված իր իրավունքից Վահան Զուրաբյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին աշխատանքում վերականգնվելու, ինչպես նաև 300 000 դրամ փաստաբանի վարձատրության գումարի՝ փոխհատուցում ստանալու պահանջով։ 2018թ․ դեկտեմբերի 11-ին նշանակված դատական նիստը չի կայացել։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թ․ փետրվարի 1-ին։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը երաշխավորում է անձի արդար դատաքննության իրավունքը, որի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար»: Վեճի դեպքում դատարան դիմելու իրավունքն ամրագրված է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել