«Հին Երևան» ծրագիրն ավարտին հասցնելու համար կենտրոնի որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:                                  

Անդրադառնալով որոշմանը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, և, իհարկե, գաղտնիք չէ, որ որևէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն և վատ համբավ ունի:  Հիմա մենք ստիպված ենք գնալ այսպիսի ծայրահեղ քայլի՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք և վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ և վերահսկողություն ունենանք, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան»:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան նշել է, որ այդ հարցը գտնվելու է մշտական ուշադրության կենտրոնում, և տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ևս համապատասխան երաշխիքներ է ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել