Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ:
Նախագծի համաձայն՝ հասարակական խորհուրդն աջակցելու է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ: Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկելու է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ:
Ներկայացնելու է առաջարկություններ և դիտողություններ` նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցելու է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության՝ իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ: