Կառավարության նիստի ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և ասաց, որ վերջին 3-4 օրերի ընթացքում քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ ու ահազանգեր է ստանում, որ առևտրի եւ ծառայությունների ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտները այս օրերին հրաժարվում են հսկիչ-դրամարկղային կտրոններ տրամադրել հորդորրեց լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
«ՊԵԿ-ի կողմից վարչարարական ամբողջ գործիքակազմը կիրառվում է եւ մի փոքր էլ ավելի մեծ ծավալներով՝ պայմանավորված նախատոնական գնումների հետ: ՀԴՄ կիրառման կանոնների մշակույթ ձեւավորելու առումով մենք բավականին հեռու ենք գտնվում:
ՊԵԿ-ի հսկողական գործառույթ իրականացնող պաշտոնյաների թիվը շուրջ 500 է, իսկ ՀԴՄ-ների թիվը շուրջ 70 հազար է: Հետեւաբար, մենք ինչքան էլ վարչարարություն իրականացնենք շուրջօրյա, խնդիրը կմնա: Բնականաբար, այստեղ մշակույթի ձեւավորման խնդիր մենք ունենք:
Մենք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման արդյունքում, որը նախատեսվում է 2019-ի հունվարի 1-ից, ավելի մեծ հսկողական առումով ավելի մեծ գործիքակազմ կունենաք, օրինակ, ՀԴՄ-ների պոստտերմինալի ֆունկցիայի ակտիվացմամբ եւ քարտային եղանակով առեւտուր կատարելու արդյունքում մենք ավելի լավ արդյունքներ կունենանք»,-նշեց ՊԵԿ նախագահը:
Առաջին փոխվարչապետը նշեց, որ այս վարքագիծը փոքր տնտեսվարողների մասին չէ, այլ խոսքը քաղաքի կենտրոնում շատ խոշոր առևտրային սուպերմարկետների ու մոլերի մասին է: Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ այդ տեղերում հրաժարվում են նաև քարտային վճարում ընդունելուց, հորդորում են վճարել կանխիկ, իսկ կանխիկի դեպքում էլ ոչ մի կերպ չեն ուզում տրամադրել ՀԴՄ կտրոնը. «Սա 1-2 դեպք չի, այլ զանգվածային բնույթ է կրում»:
Դավիթ Անանյանը նշեց, որ նրանք աշխատում են և եթե նույնիսկ թերանում են, ապա դրա պատճառը նաև ռեսուրսների պակասն է: