Ավարտվել է ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցում գործող ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ խանութից հափշտակվել է թանկարժեք զարդ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1986թ.։

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, հիմնավորվել է, որ հունիսի 25-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցում գործող ոսկերչական խանութ է մտել մի երիտասարդ և գնելու նպատակով վաճառողուհուց վերցրել կանացի թանկարժեք մատանի՝ ոսկուց և ադամանդե քարերով։ Այն խանութի մուտքի մոտ գտնվող իր ծանոթին ցույց տալու պատրվակով երիտասարդը դուրս է  եկել խանութ-սրահից, վազելով  նստել է  մոտակայքում կայանված  անձնական օգտագործման «Մերսեդես E-320» մոդելի ավտոմեքենան, սակայն, մեքենան վարելու ընթացքում հարվածել է մոտակայքում կայանված մի շարք ավտոմեքենաների:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խանութի պահպանությունն իրականացնող աշխատակիցը մոտեցել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ում ուղղությամբ վերջինս պահել է իր մոտ գտնվող դանակը և անմիջապես դիմել փախուստի:

Հաջորդ օրը՝ 2018 թվականի հունիսի 26-ին, 32-ամյա տղամարդը  ներկայացել է ՀՀ ոստիկանության բաժին, որտեղ ժամը 10:50-ի սահմաններում, բաժնի սենյակներից մեկում սպառնացել է և բռնություն գործադրել նույն բաժնի ավագ օպերլիազորի նկատմամբ, ինչի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, միացվել նշված քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել նույն վարույթում:

Քրեական գործվ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել 32-ամյա տղամարդու կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ, արարքը վերաորակվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1986թ. ծնված տղամարդը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի և հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Վերջինիս մեղսունակության հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա ճանաչվել է անմեղսունակ: Ըստ դատաբժիշկների՝ տղամարդը նշված արարքը կատարել է  ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր  գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:

Ուստի՝ որոշում է կայացվել նրա վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու և առանձին վարույթ ընդունելու վերաբերյալ:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ 32-ամյա տղամարդու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել