Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Այսինքն, ըստ Սահմանադրության, խորհրդի նախագահ սկզբում պետք է ընտրվեր դատավոր անդամաներից ինչ-որ մեկը, սակայն խորհրդի գործող նախագահը այժմ Գագիկ Հարությունյանն է, որին ընտրել է Ազգային ժողովը՝ որպես իրավաբան գիտնական, հեղինակավոր իրավաբան:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը կարգավորում է և՛ Սահմանադրությունը 174-րդ հոդվածի 7-րդ մասում, և՛ Դատական օրենսգիրքը 84-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 8-րդ մասերում։ Երբ միևնույն հարցը կարգավորված է մեկից ավել նորմերով, ապա միշտ հարց է ծագում, թե այդ նորմերից որ մեկով պետք է լուծել վեճը։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը  նշեց, որ այս հարցին պատասխանելու համար պարտադիր պետք է տարբերել իրավանորմերի գործողության առաջնությունը իրավանորմերի կիրառման առաջնությունից։

«Հայկական իրավակարգն ունի աստիճանական կառուցվածք (ՀՀ Սահմ. 5-րդ հոդ.)։ Դա նշանակում է, որ իրավակարգը կազմող բոլոր գործող իրավանորմերը չունեն միևնույն իրավաբանական ուժը, այլ կան նորմեր, որոնց իրավաբանական ուժն ավելի բարձր է, քան մյուսներինը։ Ըստ այդմ՝ իրավանորմերը գտնվում են տարբեր աստիճանների վրա՝ կախված իրենց իրավաբանական ուժից։ Հայկական իրավակարգի ներսում ամենից բարձր իրավաբանական ուժ ունեն Սահմանադրության նորմերը»,-նշեց նա։

Իրավանորմերի գործողության առաջնությունը նշանակում է, որ ստորին աստիճանի վրա գտնվող իրավանորմերը չպետք է հակասեն ավելի բարձր աստիճանի վրա գտնվող նորմերին (ՀՀ Սահմ․ 5-րդ հոդ․ 1-ին և 2-րդ մասեր), որովհետև ավելի բարձր աստիճանի վրա գտնվող իրավանորմին հակասության հետևանքն ավելի ցածր աստիճանի վրա գտնվող իրավանորմի անվավերությունն է:

«Այստեղ գործում է lex superior derogat legi inferiori կանոնը։ Հակասության ծագման պահից այդ նորմն անվավեր է ու այլևս իրավաբանական ուժ չունի, այսինքն՝ չի գործում, ուստի այդ նորմով վեճը լուծվել չի կարող։ Իրավակարգի աստիճանական կառուցվածքը, սակայն, ստեղծում է ավելի բարձր աստիճանի վրա գտնվող նորմի միայն գործողության, բայց ոչ կիրառման առաջնություն։ Ամեն կոնկրետ դեպքում պետք է կիրառվի ավելի ցածր աստիճանի վրա գտնվող իրավանորմը, որովհետև այն, որպես կանոն, կոնկրետացնում է ավելի բարձր աստիճանի վրա գտնվող ու ավելի ընդհանրական բնույթ ունեցող իրավանորմը և այդ պատճառով lex specialis (հատուկ բնույթի նորմ) է ավելի բարձր աստիճանի վրա գտնվող իրավանորմի համեմատ (այստեղ գործում է lex specialis derogat legi generali կանոնը)»,-նշեց Գոռ Հովհաննիսյանը։

Եթե ամփոփենք ասվածը, ապա կստացվի հետևյալ կանոնը՝

  1. գործողության առաջնությունը նշանակում է իրավանորմերի աստիճանակարգության ներսում իրավանորմերի գործողություն վերևից դեպի ներքև,
  2. կիրառման առաջնությունը նշանակում է իրավանորմերի աստիճանակարգության ներսում իրավանորմերի կիրառում ներքևից դեպի վերև։

«Այսպիսով, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի լուծման համար նախ պետք է կիրառել ստորին աստիճանի վրա գտնվող իրավանորմը։ Չի կարելի անմիջապես դիմել Սահմանադրությանը, եթե կա վեճը լուծող օրենքի նորմ, այլ պետք է սկզբում կիրառել հենց օրենքի նորմը։ Միայն երբ օրենքի կարգավորումը բացակայում է կամ ունի բացեր, կարելի է ու նաև պետք է կիրառել Սահմանադրությունը։ Քանի որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը, փաստորեն, կարգավորում են երեք տարբեր նորմեր, որոնցից երկուսն օրենքի նորմեր են, իսկ մեկը՝ Սահմանադրության, ուստի վերը նշված կանոնի համաձայն՝ հարցը պետք է լուծվի օրենքի հիման վրա, քանի որ օրենքն ունի կիրառման առաջնություն Սահմանադրության հանդեպ, իհարկե, պայմանով, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը»,-նշեց նա։

Գոռ Հովհաննիսյանը սակայն փաստում է, որ դատական օրենսգիրքն այդ հարցի կարգավորմանը նվիրել է  երկու նորմ՝ 84-րդ հոդվածի 1-ին մասը և 166-րդ հոդվածի 8-րդ մասը։ Հետևաբար, օրենքի կիրառման դեպքում էլ է ծագում այն հարցը, թե այս երկու նորմերից կոնկրետ որի հիման վրա պիտի ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։

«Հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ հարաբերակցության մեջ են նշված երկու նորմերը։ Եթե նրանց միջև կա մրցակցություն, ապա հարցը պետք է լուծվի հատուկ բնույթի նորմի հիման վրա՝ lex specialis derogat legi generali կանոնի համաձայն, այսինքն՝ կիրառման առաջնություն ունի հատուկ նորմը։ Հատուկ է այն նորմը, որը պարունակում է ընդհանուր նորմի բոլոր հատկանիշները՝ գումարած առնվազն մեկ լրացուցիչ հատկանիշ։ Փաստորեն, ընդհանուր և հատուկ բնույթի նորմերը նույն դեպքը կարգավորում են նույն կերպ։ Առաջին հայացքից հատուկ բնույթ ունի դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 8-րդ մասի նորմը, որովհետև այն, ի տարբերություն 84-րդ հոդվածի 1-ին մասի նորմի, որը կարգավորում է ընդհանրապես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը, նվիրված է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահի ընտրությանը։

Սակայն այս երկու նորմերի ուշադիր ընթերցանությունն առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ գուցե դրանց միջև կա ոչ թե մրցակցություն, այլ հակասություն։ Երկու նորմերի միջև հակասությունն այն դեպքն է, երբ երկուսն էլ կարգավորում են միևնույն հարցը տարբեր կերպ, այսինքն՝ միևնույն դեպքի համար նախատեսում են տարբեր իրավական հետևանքներ։ Եթե միմյանց հակասում են միևնույն մակարդակի վրա գտնվող իրավանորմերը, ապա հարցը լուծվում է lex posterior derogat legi priori կանոնով, այսինքն՝ գործողության առաջնություն ունի ավելի ուշ ընդունված նորմը»,-նշեց Գոռ Հովհաննիսյանը։

Սահմանադրագետը ընդգծում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը կարգավորող երկու նորմերը, սակայն, գտնվում են ոչ միայն նույն մակարդակի վրա, այլ նաև ընդունվել են նույն ժամանակ։ Նման դեպքերում պետք է նախ փորձել մեկնաբանման միջոցով պարզել, թե արդյոք հնարավոր չէ վեճը լուծել երկու նորմերից մեկով, այսինքն՝ գուցե ոչ մի կոլիզիա չկա։ Եթե դա հնարավոր չէ, ապա վեճը ոչ մի նորմով լուծել չի կարելի. «Նրանք վերացնում են մեկը մյուսին, որովհետև չի կարելի կամայականորեն նրանցից մեկին առավելություն տալ։ Ու քանի որ այդ դեպքում իրավանորմերից ոչ մեկը չի գործում, ուստի առաջանում է կարգավորման բաց, և հարցն արդեն պետք է լուծել անմիջականորեն Սահմանադրության հիման վրա»։

Այժմ պետք է պարզել, թե արդյո՞ք դատական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 166-րդ հոդվածի 8-րդ մասի միջև կա հակասություն։ Այդ հարցը պարզելու համար պետք է մեկնաբանման միջոցով բացահայտել նշված երկու նորմերի իմաստը։

Համաձայն 166-րդ հոդվածի 8-րդ մասի նորմի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո` հնգօրյա ժամկետում, խորհրդի տարիքով ավագ անդամը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի ընտրած անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ. «Փաստորեն, այս նորմը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահն ընտրվի պարտադիր Ազգային ժողովի ընտրած անդամներից»:

84-րդ հոդվածի 1-ին մասի նորմը բառացի վերարտադրում է Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի տեքստը և պահանջում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվի խորհրդի կազմից` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

Այս նորմի քերականական մեկնաբանությունը տալիս է հետևյալ արդյունքը։ Հայերենի բացատրական բառարաններում «հաջորդաբար» հասկացությունը նշանակում է «իրար հետևից», «հերթով մեկը մյուսի հետևից»*։

«Եթե 84-րդ հոդվածի 1-ին մասի նորմը վերաձևակերպենք «հաջորդաբար» հասկացության՝ բառարաններում նշված իմաստով, ապա կստացվի՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հերթով մեկը մյուսի հետևից Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»։ Նորմի այսպիսի ձևակերպումից արդեն ավելի պարզ է դառնում, թե օրենսդիրն ինչ է պահանջում «հաջորդաբար» հասկացության գործածության միջոցով։ Եթե հարց տանք, թե որը որի հետևից, ապա վստահ եմ, որ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք կպատասխանի՝ իհարկե նշված հերթականությամբ՝ նախ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից ու հետո նոր Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից։ Ակնհայտ է, որ օրենսդիրը սահմանել է հստակ հերթականություն և պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվի նախ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից և հետո նոր Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից։ «Հաջորդաբար (կամ որ նույնն է՝ հերթով մեկը մյուսի հետևից) Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից» ձևակերպումն անհնար է հասկանալ հակառակ հերթականության իմաստով»,-նշեց Գոռ Հովհաննիսյանը։

Դատական օրենսգրքի նշված երկու նորմերի քերականական մեկնաբանությունը ցույց է տալիս, որ այդ երկու նորմերի միջև կա ոչ թե մրցակցություն, այլ հակասություն, որովհետև դրանք նույն դեպքը, այն է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը, կարգավորում են տարբեր կերպ. ԴՕ 84-րդ հոդվածի 1-ին մասի նորմը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահն ընտրվի դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից, իսկ 166-րդ հոդվածի 8-րդ մասը պահանջում է նախագահ ընտրել Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից։

Նա նշում է, որ նորմերի համակարգային մեկնաբանումը նույնպես տալիս է նույն արդյունքը, ինչ որ քերականականը։ ԴՕ 84-րդ հոդվածը գտնվում է «Բարձրագույն դատական խորհրդի կազմը եվ լիազորությունները» գլխում և նվիրված է հենց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։ Բացի այդ, քանի որ 84-րդ հոդվածի 1-ին մասի նորմը բառացի վերարտադրում է Սահմանադրության 147-րդ հոդվածի 7-րդ մասի տեքստը, ապա դրանք երկուսն ունեն նույն իմաստը։

«Ինչ վերաբերում է նորմերի նպատակային մեկնաբանմանը, ապա կարելի է ասել, որ 84-րդ հոդվածի 1-ին մասում հստակ հերթականություն սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահի պաշտոնում տեսնել հենց դատական իշխանությունը ներկայացնող անդամի, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված մի անդամի, որը հնարավոր է, որ ոչ մի կապ չունենա դատական իշխանության հետ։ Այս տեսանկյունից միանգամայն անհասկանալի է, թե ինչու է օրենսդիրը Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահի ընտրության հարցում 166-րդ հոդվածի 8-րդ մասում ցուցաբերում բոլորովին հակառակ մոտեցումը։ Այդ մոտեցումը հակասում է ոչ միայն 84-րդ հոդվածի 1-ին մասի նորմի իմաստին, այլ նաև նպատակին։ Այն անտրամաբանական է։

Այսպիսով, պետք է փաստել, որ Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի և 166-րդ հոդվածի 8-րդ մասի միջև կա հակասություն։ Քանի որ այս երկու նորմերը գտնվում են ոչ միայն նույն մակարդակի վրա, այլ նաև ընդունվել են նույն ժամանակ, և մեկնաբանման միջոցով հնարավոր չեղավ վերացնել նրանց հակասությունը, ուստի վերևում նշված կանոնի համաձայն՝ վեճը ոչ մի նորմով լուծել չի կարելի։ Նրանք վերացնում են մեկը մյուսին, որովհետև չի կարելի կամայականորեն նրանցից մեկին առավելություն տալ»,-նշեց նա։

Գոռ Հովհաննիսյանը փաստում է սակայն, որ կա մի առանձնահատկություն։ Քանի որ Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը բառացի վերարտադրում է Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի նորմի տեքստը, ուստի նա դրանով կիսում է սահմանադրական նորմի իրավաբանական ուժը։ Հետևաբար, 84-րդ հոդվածի 1-ին մասի և 166-րդ հոդվածի 8-րդ մասի հակասության հետևանքը ոչ թե երկու նորմերի, այլ միայն 166-րդ հոդվածի 8-րդ մասի նորմի անվավերությունն է։ 84-րդ հոդվածի 1-ին մասի խախտումն ինքնաբերաբար առաջացնում է Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում։ Ուստի Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 8-րդ մասը միաժամանակ հակասահմանադրական է ու այդ պատճառով՝ անվավեր։

«Այսպիսով, Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահի ընտրությունը չէր կարող տեղի ունենալ 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա։ Քանի որ նրա ընտրությունը տեղի է ունեցել հակասահմանադրական ու անվավեր նորմի հիման վրա, ուստի ընտրությունն ինքը հակասահմանադրական է ու անվավեր։ Պետք է տեղի ունենա Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրություն Դատական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից։ Փաստորեն, Ձեր հարցի պատասխանն է՝ այո, Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը»,-նշեց սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

Նշենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոյանը դատական նոր հայց են ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ։

*«Հայոց լեզուի նոր բառարան», Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան։ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, Պէյրութ, 1992, էջ 279, «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1974, էջ 302, «Հայերէն աշխարհաբար լեզուի լիակատար բառարան», Պետրոս Վարդ. Ճիզմէճեան։ Տպարան Անի, Հալէպ, 1957, էջ 1065, «Հայերէն բացատրական բառարան», Ստեփան Մալխասեանց։ Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչութիւն, Երեւան, 1944, էջ 393, «Նոր բառագիրք հայերէն լեզուի», Սիմոն Գաբամաճեան։ Տպագրութիւն Ռ. Սագաեան, Կ. Պօլիս, 1910, էջ 971:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել