Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղեկալ Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը և կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրակարգում ոստիկանության մեկ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ աշխատակցի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։
Սա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի վերջին նիստն էր։ Գալիք տարում հանձնաժողովը շարունակելու է իրականացնել ոստիկանության ծառայողների գործունեության պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն և վերահսկողություն՝ առաջնորդվելով կամայականությունները, քաղաքացիների, ինչպես և ոստիկանության ծառայողների իրավունքների խախտումները բացառելու սկզբունքով։