Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը Իրավաբան.net–ին պատմել է 2019 թվականից իր ակնկալիքների մասին:
-2018 թվականը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում և հայաստանյան իրականությունում: Արդյո՞ք հաջողված տարի էր այն:
-Վստահ եմ՝ 2018թ.-ի գարնանը տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները Հայաստանյան կյանքում անհնար է, որ չանդրադառնան բոլորիս վրա։ Ուրախ եմ փոփոխությունների համար, քանզի կարծում եմ, որ փոփոխությունները բերելով դժվարություններ և անորոշություն, այնուամենայնիվ, դրական ազդեցություն են ունենալու երկրի ապագայի համար։ Պետք չէ վախենալ փոփոխություններից։ Միայն փոփոխութունն է, որ կարող է ազդարարել ամեն նորի սկիզբը։
-Այդ տարվա հատկապես ո՞ր դատական գործերը կամ դատական ակտերը կառանձնացնենք և ինչու՞:
-Չեմ խոսի կոնկրետ գործերի մասին, միայն կհուսամ, որ դատական համակարգը, պետությունը և հասարակությունը արել են և կանեն ամեն ինչ ՝ դատական համակարգի անկախության ապահովման և բարձր պրոֆեսիոնալ դատավորներով համակարգի համալրման համար։
-Այս տարի թերևս ամենաշատը հնչած բառերից մեկը կոռուպցիան է և դրա դեմ պայքարը: Արդյո՞ք կոռուպցիայի դեմ իսկապես պայքար կար և ինչպե՞ս էր արտահայտվում:
-Հավատում եմ, որ նոր իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ։ Արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը։ Երկրում արմատացած կոռուպցիան դժվար է հիմնովին արմատախիլ անել մի քանի ամսվա ընթացքում։ Կոռուպցիայի վերացման համար նախ և առաջ պետք է փոխվի մարդկանց հոգեբանությունը, որը ժամանակ է պահանջում։
-Քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական է հատկապես պետական և քաղաքական գործիչների զտման կամ վեթթինգի և լյուստարացիայի մեխանիզմները: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:
-Անցումային արդարադատությունը, կարծում եմ, կիրառելի կլինի միայն այն դեպքում, եթե ապացուցվի դատական համակարգի անկարողությունը՝ իրականացնելու արդարադատություն։ Իսկ ի վիճակի է արդյոք մեր գործող դատական համակարգը օբյեկտիվորեն և անաչառ արդարադատություն իրականացնել, կհասկանանք շատ շուտով։
-Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապիկից՝ Հայաստանում արդարադատության ոլորտի և անձնապես Ձեզ համար:
-Իսկ Ձմեռ պապիկ կա՞։
-Ամանորի տոնական օրերն այս տարի չկրճատվեցին: Արդյո՞ք ճիշտ վարվեց նոր կառավարությունը տոնական 3 օր սահմանելու նախագիծը մերժելով:
-Կարծում եմ, որ ոչ, քանի որ ակնհայտ է, որ նոր կառավարությունը ունի շատ անելիք, և յուրաքանչյուր օր կարևոր է՝ նոր ծրագրերի մշակման և դրանց իրականացման համար։ Որպես աշխատող մարդ էլ կարծում եմ, որ ամեն աշխատանքային օր կարևոր է ինչ-որ բան ստեղծելու և արժեք արարելու համար։ 3 օր կենացներ ասելով ապագա չի կառուցվի։
-Այս օրերին փորձում եք օգնել Ձեր կնոջը՝ տնային գործերում, թե՞ դրանք միայն կնոջ գործն են:
-Հենց ամուսնանամ ՝այս հարցին կպատասխանեմ։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019-ից:
-Միայն դրական։ Վստահ եմ, որ մեր երկրին և բոլորիս լավ ապագա է սպասվում։